Ինչո՞ւ է շագանակագեղձը կարևոր

2023/10/31

Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ։
 
Շագանակագեղձի գործառույթները

  1. Վերարտադրողական գործառույթ։ Շագանակագեղձը տղամարդու վերարտադրողական համակարգում ունի առանցքային դեր։ Նրա արտազատուկը կազմում է սերմնահեղուկի զգալի մասը և ապահովում է սերմնահեղուկի շարժունակությունն ու կենսունակությունը:

  2. Միզապահության գործառույթ։ Շագանակագեղձի միջով անցնում է միզուկի որոշակի հատված և տեղափոխում մեզն ու սերմնահեղուկը դեպի արտաքին աշխարհ։ Սերմնաժայթքման ժամանակ շագանակագեղձի հատվածում գտնվող փականի կծկումով կանխվում է մեզի և սերմնահեղուկի միախառնվելը, ուստի շագանակագեղձը միաժամանակ միզատար և սերմնատար խողովակ է, ինչպես նաև միզապահության գործառույթ ունեցող օրգան է։

  3. Հորմոնային կարգավորում։ Անդրոգենները անհրաժեշտ են շագանակագեղձի աճի և գործունեության, ինչպես նաև սերմնահեղուկի արտադրության համար: Տարիքի հետ հորմոնային փոփոխությունները, ինչպես օրինակ, դիհիդրոտեստոստերոնի աճը, նպաստում են շագանակագեղձի բարորակ գերաճին կամ չարորակացմանը:

  4. Սեռական գործառույթ։ Շագանակագեղձը համարվում է սեռական գործառույթը խթանող օրգան։ Շագանակագեղձի խթանումը, որը հաճախ կոչվում է «շագանակագեղձի մերսում», կարող է ավելացնել սեռական հաճույքը:


Շագանակագեղձի հիվանդությունները

Շագանակագեղձի հիվանդություններն են՝ բորբոքում, բարորակ գերաճ և քաղցկեղ։ Տարեկան կանոնավոր բժշկական քննություններն ու հետազոտությունները կարևոր են շագանակագեղձի հետ կապված հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման համար։ Հատկապես ուշադրություն պետք է դարձնել շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման վրա, քանի որ այն համարվում է տղամարդկանց մոտ ամենատարածված քաղցկեղներից մեկը:

Ամփոփելով․ շագանակագեղձը կենսական նշանակություն ունի տղամարդկանց վերարտադրողական և միզային համակարգերի, ինչպես նաև սեռական առողջության համար: Շագանակագեղձի առոջղության պահպանումն ապահովում է տղամարդու կյանքի որակը, երջանկությունն ու բարեկեցությունը։